top of page

Երեխաների պաշտպանության միջազգային օր

  • Фото автора: Տիգրանուհի Աճեմյան
    Տիգրանուհի Աճեմյան
  • 1 июн. 2020 г.
  • 2 мин. чтения

Ավանդաբար ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը, նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր (անգլ. International Children's Day):

Երեխաներ

Պատմական ակնարկ


Այս տոնն ամենահին միջազգային տոներից մեկն է: Պատմությունը լռում է, թե ինչու է ընտրվել հենց հունիսի 1-ը: Ըստ վարկածներից մեկի՝ 1925թ. հունիսի 1-ին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը տոն է կազմակերպել այն երեխաների համար, ովքեր կորցրել էին իրենց ծնողներին: Տոնն ըստ Չինական ավանդույթի կոչվում էր Վիշապանավերի փառատոն՝ Դուան-ու ցզե (չին. 端午节): Երջանիկ պատահականությամբ՝ այն համընկել է 1925թ. նույն օրը Ժնևում կայացած երեխաների բարեկեցությանը նվիրված համաշխարհային համաժողովի անցկացման հետ, որի ժամանակ էլ տոնը նշելու վերաբերյալ որոշում է կայացվել։


Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1949թ. Փարիզում տեղի ունեցավ համաժողով, և Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում ընդունեց, որից հետո արդեն 1950թ. հունիսի 1-ին առաջին անգամ այդ օրը նշվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:


Արդեն 1959թ. ՄԱԿ-ի (Միավորված Ազգերի Կազմակերպության) կողմից հնչեցվեց Երեխաների իրավունքների մասին հռչակագիրը, որի առաջարկություններն ընդունվեցին բազմաթիվ պետությունների կողմից: Իսկ 1989թ. այդ կազմակերպությունը հաստատել է երեխաների իրավունքների մասին Կոնվենցիան: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա դրոշ

Խորհրդանիշ

Տոնն ունի դրոշ: Կանաչ ֆոնն աճի, ներդաշնակության, թարմության և պտղաբերության խորհրդանիշն է: Կենտրոնում պատկերված է Երկրագունդը, որը խորհրդանշում է մեր բոլորի տունը: Իսկ Երկրագնդի նշանի շուրջ պատկերված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդկային ֆիգուրներ, որոնք խորհրդանշում են բազմազանություն և հանդուրժողականություն:


Միջոցառումներ

Մանկությունը կյանքի ամենաանհոգ և երջանիկ շրջաններից մեկն է: Սակայն, ցավոք, ոչ բոլոր մեծահասակներն ունեն հաճելի հիշողություններ սեփական մանկությունից: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որպեսզի մենք առավելագույն ջանքեր գործադրենք, որպեսզի մեր երեխաները և թոռներն իրենց մանկության տարիների վերաբերյալ ապագայում ունենան ջերմ հիշողություններ:


Երեխաների պաշտպանության միջազգային օրը ոչ միայն մանուկների համար ուրախ տոն է, այն նաև հիշեցում է, որ անհրաժեշտ է պաշտպանել երեխաների իրավունքները, որպեսզի նրանք մեծանան երջանիկ, ստանան կրթություն և ապագայում դառնան հրաշալի ծնողներ և իրենց երկրի արժանի քաղաքացիներ:


Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բազմաթիվ երկրներում երեխաների համար կազմակերպվում են զանազան միջոցառումներ, մրցույթներ և համերգներ և ներկայացումներ, որոնք ուղեկցվում են նվերներով և հաճելի անակնկալներով:

Սրտանց շնորհավորում եմ բոլոր մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ: Ցանկանում եմ ընտանեկան ջերմություն, առողջ, անհոգ և երջանիկ մանկություն: Թո՛ղ անկեղծ ժպիտն ու ծիծաղը միշտ շողան ձեր դեմքերին:

Комментарии


bottom of page