top of page

Համակարգչային կախվածությունը երեխաների և դեռահասների շրջանում

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 11 июн. 2019 г.
  • 4 мин. чтения

Համակարգչային կախվածությունը երեխաների և դեռահասների շրջանում

Տեխնոլոգիական ոլորտի սրընթաց զարգացման շնորհիվ՝ ժամանակակից աշխարհում մեր առօրյա կյանքից, գրեթե, անպակաս են համակարգիչները, պլանշետները և սմարտֆոնները: Մենք մեր կյանքն արդեն չենք կարող պատկերացնել առանց համացանցի և համացանցից օգտվելու համար նախատեսված տեխնիկական միջոցների: Ավելին՝ ժամանակակից աշխարհում ապրող երեխաները դժվարությամբ կարող են պատկերացնել, թե ինչպես էին անցյալում մարդիկ գոյատևում առանց համացանցի, սոցիալական ցանցերի, համակարգիչների, պլանշետների կամ սմարտֆոնների:

Համացանցն ու համակարգիչներն, անկասկած, ավելի դյուրին են դարձնում մեր առօրյա կյանքը՝ ինֆորմացիայի փոխանակումը և դրա հասանելիությունը դարձնելով չափազանց հեշտ և արագ:

Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ համակարգչային խաղերն ունեն որոշակի դրական ազդեցություն: Դրանք նպաստում են հուզական լիցքաթափմանը, տպագիր գրավոր խոսքը կարող է դառնալ ավելի արագ և ճկուն: Համակարգչային մի շարք խաղեր կարող են նպաստել հիշողության, տրամաբանության, ստեղծագործական մտածողության զարգացմանը: Զարգանում է նաև երեխայի տարածական կողմնորաշումն ու տեսաշարժողական կոորդինացիան, քանի որ համակարգչային խաղի ժամանակ երեխան պետք է սինխրոնիզացնի իր շարժումները՝ կախված խաղային իրավիճակից:

Սակայն տեխնոլոգիական նորարություններն ու համակարգչային խաղերն իրենց հետ բերում են նաև բազմաթիվ անցանկալի և բացասական երևույթներ:

Ժամանակակից մարդու, հատկապես երեխաների հոգեկանի զարգացման և վարքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն համացանցն ու համակարգիչները:

Համակարգչային գործունեությունը կարելի է առանձնացնել որպես գործունեության մի առանձին տեսակ. այնպես, ինչպես օրինակ՝ երեխայի համար խաղային գործունեությունն է, դպրոցականի համար՝ ուսումնական, իսկ մեծահասակի համար աշխատանքային գործունեությունը:

Ի՞նչ է համակարգչային կախվածությունը

Համակարգչային կախվածությունն այսօր մասնագետների կողմից որակվում է որպես վարքային խանգարում, որը զգալի տեմպերով տարածում է գտել երեխաների, մասնավորապես՝ դեռահասների, ինչո՞ւ ոչ նաև մեծահասակների շրջանում:

Որպեսզի ցանկացած երեխայի, ով օգտվում է համակարգչից, չպիտակավորենք որպես համակարգչային կախվածություն ունեցող երեխա, անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ ասել է համակարգչային կախվածություն:

Համակարգչային կախվածություն ունեցող երեխան չափազանց բուռն է ընդունում համակարգչային խաղը դադարեցնելու մասին խնդրանքը կամ պահանջը՝ նույնիսկ եթե մինչև համակարգչի առջև նստելը երեխայի և ծնողի միջև եղել է հստակ պայմանավորվածություն և որոշվել է կոնկրետ ժամանակահատված, թե որքան ժամանակ է կարող երեխան խաղալ համակարգչով:

Ի տարբերություն համակարգչային կախվածություն չունեցող երեխաների՝ այս երեխաները համակարգչային խաղերից և համացանցից բացի այլ գործունեությամբ զբաղվելու ցանկություն չունեն, նրանք հիմնականում չեն ունենում այլ հետաքրքրություններ, իրենց օրը սկսվում և ավարտվում է համակարգչային խաղերով: Նրանք չեն ցանկանում ռեալ կյանքում, օրինակ՝ բակում, ֆուտբոլ խաղալ իրենց հասակակիցների հետ, չեն ցանկանում ընտանիքի հետ միասին որևէ ժամանցի վայր գնալ, երբեմն, նույնիսկ, կարող են մոռանալ սնվելու մասին:

Իսկ երբ երեխայի մոտ չկա համակարգչային կախվածություն, նա բացի համակարգչից ունի այլ հետաքրքրություններ, այլ զբաղմունքներ, սիրով հաճախում է տարբեր խմբակների, համեմատաբար հեշտ է ավարտում համակարգչային խաղը, եթե ավարտվել է համակարգչով խաղալու նախօրոք պայմանավորված ժամանակահատվածը:

Համակարգչային կախվածություն ունեցող երեխաները դժվարությամբ են ընդունում իրական կյանքում առկա կանոնները: Նրանք այդ կանոններին փորձում են հակադրվել՝ կամակորություններ անելով, լացելով կամ ագրեսիվ գործողություններով:

Ինչպես ցանկացած խաղ, վիրտուալ խաղերը նույնպես ունեն յուրահատուկ գրավչություն: Տեղափոխվելով երևակայական, վիրտուալ աշխարհ՝ երեխան խաղի մեջ որոշ չափով կորցնում է ռեալության և ժամանակի զգացողությունը: Համակարգչային խաղի մեջ երեխան կարող է ունենալ նաև ամենակարողության և անպարտելիության զգացում:

Չնայած, որ ցանկացած խաղ ունի կանոններ, այնուամենայնիվ, համակարգչային խաղը կարող է հանել որոշ սահմանափակումներ՝ ի տարբերություն իրական կյանքի:

Վիրտուալ իրականության մեջ երեխան կարող է կորցնել նաև վախի և հնարավոր վտանգի զգացումը: Նա կարող է ունենալ անմահության զգացում, քանի որ վիրտուալ տիրույթում գործած սխալները կարելի է ուղղել:

Համակարգչային խաղերը կարող են լինել նաև ագրեսիվ բնույթի: Խոսքն այնպիսի խաղերի մասին է, որտեղ հերոսը, ում հետ խաղի մեջ իրեն սկսում է նույնականացնել երեխան, պետք է կատարի որոշակի ագրեսիվ գործողություններ. հարվածի, ատրճանակի կամ այլ զենքի օգնությամբ կրակի վիրտուալ հակառակորդի վրա: Այսպիսի խաղերում դրսևորվող ագրեսիան երեխան ենթագիտակցորեն կարող է տեղափոխել ռեալ կյանք և շրջապատի նկատմամբ նույնպես դրսևորել ագրեսիվ վերաբերմունք: Բացի այդ, երեխաներն աստիճանաբար ժամանակի ընթացքում, կարող են սկսել ընդունել վիրուալ աշխարհը որպես առաջնային, և առօրյա կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված՝ վիրտուալ տիրույթում:

Ըստ որոշ հետազոտությունների՝ երեխաներն այսօր հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջինում 3-ից մինչև 10 և նույնիսկ ավելի ժամ, ինչը բնականաբար, անհետևանք չի կարող լինել:

Երեխաները, ովքեր երկար ժամանակ են անցկացնում վիրտուալ տիրույթում, կորցնում են իրական շփումներ ունենալու հնարավորությունը, ինչի հետևանքով բավարար չափով չեն զարգանում նրանց սոցիալական հմտություները: Նման երեխաները կարող են մեկուսանալ, ունենալ ցածր ինքնագնահատական, բարձր տագնապայնություն և այլն:

Ինչպե՞ս վարվել, եթե Ձեր երեխայի մոտ առկա է համակարգչային կախվածություն

Համակարգչային կախվածություն ունեցող երեխայի մոտ խնդրի է՛լ ավելի խորացումից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանափակել երեխայի համակարգչային գործունեությունը՝ այն փոխարինելով իրական շփումով, ընտանեկան ժամանցով, սպորտային կամ այլ խաղերով, տարբեր խմբակների հաճախելով և այլն:

Շատ հաճախ զբաղվածության կամ երեխայի խնամքն ու իրենց առօրյա գործունեությունն ավելի դյուրին դարձնելու նպատակով՝ ծնողները չեն վերահսկում համակարգչի օգտագործումը երեխաների կողմից: Երբեմն նույնիսկ ծնողն ինքն է խթանում, որպեսզի երեխան դեռևս վաղ մանկությունից սկսի օգտվել համակարգչից, պլանշետից կամ սմարտֆոնից՝ միացնելով երեխայի համար մուլտֆիլմ, հիմնականում օտարալեզու՝ անգլերենով կամ ռուսերենով, որպեզի երեխան ուշադրությունը կենտրոնացնի մուլտֆիլմի վրա և «չխանգարի» մայրիկին զբաղվել առօրյա գործերով և հոգսերով: Կոպիտ ասած, երեխայի դաստիարակության գործընթացը փոխարիվում է ցածրորակ մուլտֆիլմեր դիտելով:

Այս ամենի պատճառով երեխայի մոտ սահմանափակվում է նաև մայրենի լեզվով կենդանի շփումն իր շրջապատի մարդկանց հետ: Մայրենի լեզվով կենդանի շփումը չափազանց կարևոր է երեխայի խոսքի զարգացման համար: Համակարգչով մուլտֆիլմեր դիտելու հետևանքով, ընտանիքի անդամների խոսքը լսելու և յուրացնելու փոխարեն, երեխայի մոտ սկսում է ձևավորվել համակարգչային խոսք, նա սկսում է ընդօրինակել և օգտագործել մուլտֆիլմերի հերոսներից և համակարգչային խաղերից յուրացված օտարալեզու խոսքը: Սա կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեխոսքային զարգացման վրա:

Հոգեբանները համակարգչային կախվածության ունեցող երեխաների ծնողներին խորհուրդ են տալիս նախ և առաջ սահմանափակել երեխայի համակարգչային գործունեությունը՝ միաժամանակ երեխայի համար ապահովելով այլ՝ ոչ պակաս հետաքրքիր օֆլայն գործունեություն:

Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի երեխան անընդհատ լսի իրեն ուղղված խոսքը:

Միաժամանակ անհրաժեշտ է զարգացնել երեխայի սոցիալական հմտությունները, ինչպես նաև ռեալության զգացումը և իրական կյանքում առկա կարգուկանոնի ընկալումը, որպեսզի նա յուրացնի այդ կանոններն ու պահպանի դրանք: Սա նաև կզարգացնի երեխայի ուշադրության կենտրոնացումը:

Կարելի է երեխայի հետ միասին կազմակերպել ընտանեկան ժամանցը, միասին տարբեր խաղեր խաղալ թե՛ տանը թե՛ բնության գրկում, ինչը կնպաստի ծնող-երեխա հուզական կապի ամրապնդմանը:

Ամփոփելով նշենք, որ դեռևս մանկուց, ժամանակակից աշխարհում ապրող երեխան, կամա թե ակամա, առանց լիարժեք ճանաչելու իրական աշխարհը, համակարգիչների և սմարտֆոնների միջոցով ծանոթանում է վիրտուալ աշխարհի հետ: Իսկ վիրտուալ տիրույթը գրավում է երեխային և վերջինս իրական աշխարհի և իրական հաղորդակցման փոխարեն սկսում է նախապատվությունը տալ վիրուալ աշխարհին:

Ծնողներին նման խնդրից խուսափելու համար խորհուրդ է տրվում լինել զգոն և առաջնհերթությունը տալ սեփական երեխային, այլ ոչ թե առօրյա կենցաղային հոգսերին:

Քանի որ, տարվելով առօրյա հոգսերով, ինչո՞ւ չէ նաև սոցիալական ցանցերով՝ հաճախ ծնողները կարող են կորցնել սեփական երեխայի հետ թանկարժեք ակնթարթները վայելելու ի վերուստ տրված մեծագույն պարգևն ու հաճույքը:

Հ.Գ. շնորհակալություն Օֆելյա Պողոսյանին այս կարևոր և արդիական թեմային անդրադառնալու համար։

Հարցազրույցի տեքստային տարբերակը.

Հարցազրույցի ռադիոտարբերակը.

Комментарии


bottom of page