Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն
- Տիգրանուհի Աճեմյան
- 4 авг. 2021 г.
- 4 мин. чтения
Обновлено: 18 окт. 2021 г.
«Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի». Լև Տոլստոյ

Ընտանիք ասելով շատերս պատկերացնում ենք ապահով դրախտային մի վայր, որտեղ կարելի է լինել պաշտպանված արտաքին անծանոթ աշխարհից: Սակայն երբեմն իրականությունն այլ է. երբ հարազատ տունը դառնում է, թերևս, ավելի վտանգավոր վայր, քան փողոցն է, երբ սիրելի ու հարազատ մարդու կողմից ֆիզիկական վնաս կրելու հավանականությունն ավելի մեծ է, քան օտարից:
ԶԼՄ-ների կողմից ընտանեկան բռնության առանձին դեպքերի պարբերաբար հրապարակումը համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացրեց տվյալ խնդրի և դրա լրջագույն հետևանքների վրա, ինչի շնորհիվ տարեցտարի ավելի ու ավելի շատ կանայք սկսեցին բարձրաձայնել սեփական պատմություններն, իսկ հասարակությունն աստիճանաբար սկսեց գիտակցել, որ իրականում ընտանեկան բռնությունը բավականին տարածված երևույթ է:
Ինչպես փաստում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ընտանեկան բռնության դեպքերով զբաղվող հասարակական կազմակերպությունները, դեռևս 2020 թվականի գարնանը ՀՀ-ում արտակարգ դրության օրերին ընտանեկան բռնության դեպքերի աճ է նկատվել, հավանաբար նաև այն պատճառով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անցյալ տարվա ընթացքում մարդիկ ավելի շատ են գտնվել տանը։ Խիստ սահմանափակումները առավել խոցելի են դարձրել կանանց, երեխաներին և ծերերին:
Սակայն, մինչ ընտանեկան բռնության ենթարկված կանանց մոտ դիտվող հավանական հոգեբանական խնդիրների վերաբերյալ խոսելը, նախ եկեք պարզենք, թե առհասարակ ինչ ենք հասկանում ընտանեկան բռնություն ասելով:
Ընտանեկան բռնությունը սոսկ անձնական խնդիր չէ, այն մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված տարատեսակների մեկն է։ Այն իրավախախտում է, որն ուղեկցվում է քրեական պատասխանատվությամբ: Սովորաբար, բռնություն ասելով առաջինը հասկանում ենք ֆիզիկական բռնություն, սակայն բռնությունը կարող է լինել նաև հոգեբանական, տնտեսական, սեռական, ինչպես նաև բռնության տեսակներ են համարվում արհամարհանքը, հարկադանքը (օրինակ՝ հարկադիր, վաղ ամուսնությունը, հղիության ընդհատման հարկադրելը, սեռի հիման վրա հղիության ընդհատման հարկադրելը և այլն): Բռնության հիմնական նպատակն է ուժ և վերահսկողություն հաստատել դիմացինի նկատմամբ:
Սովորաբար ընտանեկան բռնությունը կրում է պարբերական բնույթ, սակայն, իրականում, բացարձակ նշանակություն չունի բռնությունը տեղի է ունեցել մեկ, թե մի քանի անգամ։
Ընտանեկան բռնություն վերապրած անձի մոտ կարող են առաջանալ անապահովության, անպաշտպանության և վախի զգացում, տագնապայնություն, մեղքի, ամոթի, անօգնականության զգացում, բարկություն, դեպրեսիա և ինքնավնասող վարք, ինչպես նաև այնպիսի ֆիզիկական նշաններ, ինչպիսիք են՝ տարատեսակ հոգեմարմնական (փսիխոսոմատիկ) ցավերը, գլխացավերը, ախորժակի ու քնի խանգարումները և այլն:
Ընտանեկան բռնության հոգեբանական հետևանքները
Առհասարակ ընտանեկան բռնությունը կրում է ցիկլային բնույթ և բաղկացած է 3 փուլից.
Առաջին փուլ. լարվածություն, որը բնորոշվում է վիրավորանքի առանձին էպիզոդներով, որոնք կարող են լինել հուզական և/կամ խոսքային:
Երկրորդ փուլ. բուն բռնություն, որը բնորոշվում է բարկության և զայրույթի ինտենսիվ լիցքաթափմամբ, ավերիչ ծայրահեղ հուզական պոռթկումներով՝ դրանց ամենանեգատիվ արտահայտման ձևով, ինչպես նաև գիտակցմամբ, որ այս իրավիճակը հնարավոր չէ կանխատեսել կամ վերահսկել։ Ցասման էպիզոդներն այնքան ուժեղ և դեստրուկտիվ են, որ բռնարարն արդեն չի կարող հերքել դրանց գոյությունը, իսկ զոհը չի կարող հերքել, որ դրանք իր վրա թողնում են մեծ բացասական ազդեցություն։
Երրորդ փուլ. «մեղրամիս», որի ընթացքում տղամարդը «փոխվում է», կարող է դառնալ սիրող ամուսին, ցուցադրել աննկարագրելի հոգատարություն, ինչպես նաև կատարածի նկատմամբ ունենա մեղքի զգացում և վերածվի հրաշալի ծնողի և կողակցի: Նա կարող է խոստանալ այլևս երբեք չկիրառել բռնություն, ընդ որում հնարավոր է սկսի մեղադրել կնոջը, որ վերջինս իր վարքով է «դրդել» իրեն նման քայլի, վստահեցնել, որ դա այլևս երբեք չի կրկնվի: Այս շրջանում կինը սկսում է իրեն երջանիկ զգալ, սկսում է հավատալ բռնարարին, որ վերջինս կարող է փոխվել։ Այս փուլում կնոջ համար ամենաբարդն է կողակցին լքելը։ Սակայն պետք է գիտակցել, որ մի անգամ տեղի ունեցածը մեծ հավանականությամբ կարող է կրկնվել. ընտանիքում առկա լարվածությունն աստիճանաբար կմեծանա, պոռթկումներն ավելի հաճախակի բնույթ կկրեն, ինչը կվկայի արդեն ծանոթ առաջին փուլի մեկնարկի մասին... Իրականում, «մեղրամսի» փուլն ամենանպաստավորն է խնդրի լուծման ուղիների փնտրման և իրավիճակի հաղթահարման համար։
Ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքում, թերևս, ամենակարևորը վստահությունն ու մասնագիտական գաղտնիքի պահպանման սկզբունքն է, որպեսզի ստեղծվի փոխվստահության մթնոլորտ, որ այն տեղեկատվությունը, որ կինը հայտնում է հոգեբանին կամ սոցիալական աշխատողին կմնա գաղտնի (իհարկե, բացառությամբ կյանքին անմիջական վտանգ սպառնալու դեպքերի):
Հաջորդ կարևոր կետը իրազեկումն է: Ընտանեկան բռնության ենթարկվող շատ կանայք, չեն բարձրաձայնում դրա մասին՝ համարելով այն ընտանեկան «նորմալ» խնդիր. «Հարվածում է, ուրեմն սիրում է» ("Бьёт — значит любит") սկզբունքով:
Անհրաժեշտ է նաև խթանել կանանց մասնակցությունը, որպեսզի իրենք բարձրաձայնեն առկա խնդրի մասին տարբեր ատյաններում և մակարդակներում:
Պակաս կարևոր չէ, որպեսզի հոգեբանն անվերապահ դրական և ոչ քննադատական վերաբերմունք ունենա բռնության ենթարկված կնոջ նկատմամբ, քանի որ բռնության հիմնական պատասխանատուն, այնուամենայնիվ, ինքը՝ բռնարարն է:
Ընտանեկան բռնության ենթարկված կնոջ հետ հոգեբանական աշխատանքն ուղղված է նրա ուժեղ և թույլ կողմերի քննարկմանը, ուժեղ կողմերի բացահայտմանը և ի վերջո՝ անձնային ռեսուրսների վերհանմանը: Սրա շնորհիվ է, որ կինն ուժեղանում է և կարողանում է որոշում կայացնել: Սակայն, անկախ ընտանեկան բռնության ենթարկված կնոջ որոշումից, մասնագետը պետք է լինի կնոջ կողքին և սատարի նրան, քանի որ կինն ինքը պետք է որոշումներ կայացնի կյանքի ցանկացած ոլորտում:
Ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքը կարող է իրականացվել նաև խմբային ֆորմատով, փոխօգնության խմբերով:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կինը,
եթե հանդիսանում է ընտանեկան բռնության զոհ
Ընտանեկան բռնության ենթարկվող կինն առաջին հերթին պետք է դիմի ոստիկանություն: Ներկայումս մեր երկրում գործում են տարբեր աջակցության կենտրոններ, հասարակական կազմակերպություններ, որոնք տրամադրում են սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաև գոյություն ունեն հատուկ ապաստարաններ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և իրենց երեխաների համար:
Ամփոփելով, կուզենայի ավելացնել, որ չնայած տարածված կարծրատիպին, ընտանեկան բռնության ենթարկվում են ոչ միայն կանայք, երեխաները կամ ծերերը։ Իրականում, տղամարդիկ ևս կարող են ենթարկվել ընտանեկան բռնության: Պարզապես, դրա մասին շատ ավելի հազվադեպ է բարձրաձայնվում։ Ինչպես նաև գրեթե բացակայում են բռնության ենթարկված տղամարդկանց աջակցության կենտրոնները։ Նույնիսկ զարգացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, գոյություն ունեն 200-ից ավելի կանանց աջակցության կենտրոններ և ընդամենը 1 տղամարդկանց աջակցության կենտրոն։
Վերջինը շատ ծավալուն թեմա է, ինչի վերաբերյալ, թերևս, կխոսենք հետագայում:
Հ.Գ. journalist.am կայքին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել եմ մեր երկրում կանանց նկատմամբ կիրառվող բռնության խնդրին և հոգեբանական աջակցության տրամադրման նրբություններին։
Շնորհակալություն Օֆելյա Պողոսյանին այս մտահոգիչ խնդրին անդրադառնալու համար։
Комментарии