top of page

Մայրությունը՝ որպես հոգեբանական ֆենոմեն

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 7 апр. 2019 г.
  • 2 мин. чтения

Ապրիլի 7, Մայրության և գեղեցկության տոն

Առաջին նվերը, որը մեզ տալիս են մեր մայրերը, մեր կյանքն է,

երկրորդը՝ սերը, երրորդը՝ ըմբռնումը:

Դոննա Բրաուեր, ամերիկացի գրող

«Մամա» բառը, հաճախ այն առաջին բառն է, որ արտասանում է երեխան: Այն, թերևս, ցանկացած մարդու արտասանած գլխավոր և ամենագեղեցիկ բառն է: Այս բառը հասկանալի է մոլորակի ցանկացած բնակչի համար՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով է նա խոսում: Մայր բառը շատերիս համար «սեր» բառի հոմանիշն է:

Մայրությունը ծանր աշխատանք է՝ առանց տոների, հանգստյան օրերի և սխալվելու իրավունքի: Մայր լինելը պատասխանատվություն է, կոչում, պարտականություն և միաժամանակ մեծագույն սիրո դրսևորում:

Ի՞նչ է մայրությունը:

Մայրության ֆենոմենը բազմիցս ուսումնասիրվել է գիտնականների՝ հոգեբանների, փիլիսոփաների, գենետիկների և այլոց կողմից: Մայրության երևույթն ուսումնասիրում են տարբեր տեսանկյուններից՝ փորձելով հասկանալ մայրության էությունը, մոր և երեխայի միջև միջանձնային շփման հոգեբանական առանձնահատկությունները: Մի կողմից, մայրության երևույթը անբացատրելի է, մյուս կողմից՝ մատչելի և հասկանալի:

Երեխայի ծնունդով, կնոջ հոգեբանությունը կտրուկ փոփոխություններ է կրում: Ուժեղանում է մայրական բնազդը, տեղի է ունենում արժեքային համակարգի վերագնահատում, մեծանում է պատասխանատվության զգացողությունը: Նախկինում նա պետք է հոգ տաներ միայն սեփական անձի մասին, և դա նրանից մեծ ջանքեր չէր պահանջում: Սակայն այժմ ամեն ինչ այլ է. կինը մայր է դառնում, և նրա կողքին հայտնվում է փոքրիկ ու անօգնական մի էակ, ով ամբողջովին կախված է մայրիկից: Կինը ստիպված է փոխել իր սովորական կենցաղը, զոհաբերել շատ բաներ հանուն իր երեխայի բարեկեցության: Չափազանց կարևոր է այս իրադարձությանը նախապատրաստվելիս գտնել ճիշտ հավասարակշռությունը երեխայի շահերի, անձնական հետաքրքրությունների և սեփական ընտանեկան կյանքի միջև:

Երեխայի կյանքում մայրը, թերևս, ամենակարևոր անձնավորությունն է: Մայրությունն առաջին հերթին երեխայի հետ հուզական կապն է: Երբեմն, ծանր ծննդաբերությունից հետոո, կինը կորցնում է հուզական կապը սեփական երեխայի հետ և կարող է ընկնել հետծննդաբերական դեպրեսիայի մեջ: Նման իրավիճակում մայրը կարող է փորձել լքել երեխային: Շատ կարևոր է, որ այդպիսի պահերին կնոջ կողքին լինեն հուսալի և հոգատար մարդիկ, հոգեբաններ, ովքեր կօգնեն ելքեր գտնել նման իրավիճակից և արտահայտել մայրական զգացմունքները: Քանի որ, ինչպես հայտնի է, վաղ մանկության տարիներին սիրո բացակայությունը հանգեցնում է անձի հուզական զարգացման խնդիրների:

Մայրությունը դեպի նորածինն ընդառաջ գնալու ընդունակությունն է, որպեսզի երեխայի մոտ ձևավորվի ադեկվատ ինքնագնահատական: Երբ մայրը կերակրում է երեխային, գրկում և գուրգուրում է նրան, երեխան վստահ է, որ ինքը միայնակ չէ, որ մայրիկն իր կողքին է:

Ամփոփելով, ուզում եմ նշել, որ շատ հաճախ, դժվարություններ ունենալիս, մեզանից շատերը բարձրաձայն կամ մտքում արտասանում են այդ կախարդական բառը՝ «մայր»: Չէ՞ որ մանկությունից յուրաքանչյուր մարդ գիտե, որ մայրը միշտ կհասնի օգնության դժվար և անելանելի թվացող ցանկացած իրավիճակում:

Комментарии


bottom of page