top of page

Ստի բացահայտման 3 արդյունավետ հոգեբանական մեթոդ

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 19 апр. 2019 г.
  • 3 мин. чтения

Ստի հոգեբանություն

Մենք կարող ենք ստել կամ ասել ճշմարտությունը, նկատել խաբեությունը կամ հաշվի չառնել այն, մոլորվել կամ պարզել ճշմարտությունը... Ընտրությունը մերն է...

Պոլ Էքման, ամերիկացի հոգեբան

Բոլոր մարդիկ ստում են: Եթե մարդն ասում է, որ իր կյանքում երբեք չի ստել, նա արդեն իսկ ստում է: 2002 թվականին հոգեբան Ռոբերտ Ֆելդմանի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ մարդկանց 60%-ը 10 րոպե տևողությամբ զրույցի ժամանակ ստում է միջինում 2-3 անգամ: Բարեբախտաբար, սուտը հնարավոր է բացահայտել, հատկապես, եթե դուք տիրապետում եք ստի բացահայտման մեթոդներին:

Ստի բացահայտման հարցը հուզել է մարդկությանը թերևս, քաղաքակրթության առաջացման ամենասկզբից: Բայց միայն XX դարի 2-րդ կեսից այս հարցը ստացավ գիտական մոտեցում:

Այժմ առանձնացնում են ստի հայտաբերման 3 իրապես գործող մեթոդ.

  1. Վարքային ազդակների վերլուծություն

  2. Ստի վերբալ (խոսքային) նշանների վերլուծություն

  3. Ֆիզիոլոգիական ռեակցիաների վերլուծություն

Քննարկենք յուրաքանչյուր մեթոդի առավելություններն ու թերությունները:

Վարքային ազդակների վերլուծություն

Սուտ խոսելու գործընթացը մարդուց պահանջում է որոշակի ջանքեր: Բացի այդ, այն կարող է ուղեկցվել տարբեր հույզերով, օրինակ՝ վախի կամ մեղքի զգացում: Այս ամենը կարող է արտացոլվել մարդու վարքում: Կոգնիտիվ ծանրաբեռնվածությունն արտահայտվում է այնպիսի դժվարություններով, ինչպիսիք են խոսքի տեմպի արագացումը, դադարների հաճախացումը կամ երկարացումը, ձայնի ինտոնացիայի փոփոխությունները: Ավելի ակտիվ մտավոր գործունեությանը բնորոշ են ժեստերի փոփոխությունները: Ընդ որում դիտվում է մանիպուլյացիոն ժեստերի քանակի ավելացում (օրինակ՝ հպում քթին կամ գոյություն չունեցող փոշեհատիկների մաքրում):

Ոչ վերբալ վարքի վերլուծության մեջ չափազանց կարևոր դեր ունի հույզերի դիտարկումը: Օրինակ, սուտ խոսելիս մարդը փորձում է թաքցնել իր իրական հույզերը կամ քողարկել դրանք կեղծ, շինծու հույզերով: Խոսքը և հույզերը կարող են չհամընկնել կամ նույնիսկ հակասել միմյանց: Հույզերի վերլուծության համար իրականացվում է դիմախաղի վերլուծություն:

Առավելություններ.

  • հատուկ սարքավորումների անհրաժեշտություն չկա

  • այս մեթոդը գործնականորեն անտեսանելի է

  • հնարավորություն կա իրականացնել դիստանցիոն վերլուծություն կամ պոստֆակտում վերլուծության (օրինակ՝ տեսանյութի օգնությամբ)

Թերություններ.

  • պահանջում է երկարատև և լուրջ ուսուցում

  • սուբյեկտիվ է

Ստի վերբալ (խոսքային) նշանների վերլուծություն

Սա, թերևս, ստի բացահայտման ամենահուսալի միջոցն է: Եթե Դուք հայտնաբերել եք նախկին ցուցմունքների և փաստացի տվյալների միջև անհամապատասխանություն, ապա հավանականությունը մեծ է, որ ասվածը սուտ է: Բացի այդ, որոշ խոսքային առանձնահատկություններ կարող են վկայել ստի մասին: Հաճախ ստախոսների պատասխանները խուսափողական են, կրում են ընդհանուր բնույթ և չեն պարունակում մանրամասներ: Միաժամանակ՝ դրանք լավ կառուցված են և ժամանակագրային առումով համադրված:

Առավելություններ.

  • սա, թերևս, ամենապարզ մեթոդն է, այս մեթոդից են առավել հաճախ օգտվում կենցաղում

  • չի պահանջում սարքավորումներ (բացի, երբեմն, ձայնագրող սարքերից)

  • կարող է կիրառվել դիստանցիոն կամ պոստֆակտում (օրինակ՝ տեսանյութի օգնությամբ)

Թերություններ.

  • խոսքային վրիպումներ հանդիպում են ավելի հազվադեպ

  • այնպիսի նշաններ, ինչպիսին է, օրինակ՝ հարցերից խուսափումը, կարող է շատ լայն մեկնաբանություն ստանալ

Ֆիզիոլոգիական ռեակցիաների վերլուծություն

Հույզերը, որոնք ի հայտ են գալիս մարդու մոտ ստելիս, իրենց արտացոլումն են գտնում վեգետատիվ ռեակցիաների տեսքով՝ քրտնարտադրության ուժգնացում, սրտի զարկերի հաճախականացում, զարկերակային ճնշման բարձրացում, բբերի լայնացում և այլն: Դրանք կարելի է գրանցել հատուկ սարքավորման՝ պոլիգրաֆի կամ ստի դետեկտորի օգնությամբ: Այս սարքավորումները չեն կարող որոշել, թե կոնկրետ ինչ հույզ է առաջացել մարդու մոտ, սակայն փորձառու մասնագետն ընդունակ է ճիշտ օգտագործել ստացված ինֆորմացիան ստի բացահայտման նպատակով:

Առավելություններ.

  • ստի գործիքային հայտնաբերումը, թերևս, հանդիսանում է վարքային փոփոխությունների գրանցման ամենաօբյեկտիվ մեթոդը

  • գոյություն ունեն հարցազրույցի վարման առանձնահատուկ մեթոդներն, որոնք թույլ են տալիս բավական մեծ ճշգրտությամբ ստանալ հավաստի տվյալներ:

Թերություններ.

  • այս մեթոդը պահանջում է հատուկ սարքավորումների կիրառություն, որը որոշ դեպքերում դժվարացնում է դրա անցկացումը

  • օպերատորների ուսուցման գործընթացը բավականին բարդ է և թանկարժեք

  • պոլիգրաֆիայի մեթոդիկան անհնար է կիրառել գաղտնի, դիստանցիոն կամ պոստֆակտում (օրինակ՝ տեսանյութի օգնությամբ)

  • սա ամենածախսատար մեթոդիկան է

Այսպիսով, այն, թե որ մեթոդը կընտրվի, կախված է նպատակներից և հնարավորություններից: Իհարկե, առօրյայում, անձնական նպատակներով, Դուք չեք կարող կիրառել պոլիգրաֆ, սակայն մուս երկու մեթոդներին տիրապետել հնարավոր է և նույնիսկ անհրաժեշտ մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցման համար:

Комментарии


bottom of page