top of page

Սթենֆորդյան բանտային գիտափորձ

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 15 июн. 2019 г.
  • 4 мин. чтения

Սթենֆորդյան բանտային գիտափորձ

Սթենֆորդյան բանտային գիտափորձն (Stanford prison experiment (SPE)) անցկացվել է 1971թ. ամերիկացի հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի (Philip George Zimbardo) կողմից։ Գիտափորձի հիմնական նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպիսի­­˚ վարք կարող են դրսևորել մարդիկ, ովքեր ստանձնել են նոր սոցիալական դերեր կամ զրկվել ազատությունից:

Գիտափորձի ընդհանուր նկարագրությունը

Գիտափորձը ֆինանսավորում էր ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմը, որի ղեկավարությունը խնդիր էր դրել պարզել նավաստիների շրջանում և նավատորմի ուղղիչ հաստատություններում առաջացող կոնֆլիկտների պատճառները:

Մասնակիցները հավաքագրվել էին թերթում տրված հայտարարության շնորհիվ: Մասնակցության համար նրանց առաջարկվում էր օրական $15: Հայտարարությանն արձագանքել էին 70 հոգի, որոնցից Զիմբարդոն իր թիմակիցների հետ ընտրեց 24 արական սեռի ուսանողների (ովքեր սովորում էին տարբեր քոլեջներում), որոնց նրանք համարեցին առավել դիմացկուն և հոգեպես առողջ: Նրանց մեծամասնությունը սպիտակամորթ էին և, որպես կանոն, միջին խավի ներկայացուցիչ:

Սթենֆորդյան բանտային գիտափորձ - հայտարարություն

Ստենֆորդի բանտային գիտափորձի հավաքագրման մասին հայտարարություն

«Պահանջվում են արական սեռի ուսանողներ բանտային կյանքի հոգեբանական ուսումնասիրության նպատակով: Վճարը ` օրական $15: Տևողությունը՝ 1-2 շաբաթ, սկսած օգոստոսի 14-ից:

Լրացուցիչ տեղեկությունների և դիմումների համար մոտենալ 248 սենյակ, Ջորդան Հոլլ»:

Ստենֆորդի համալսարան

Օրենքի հետ երբեք խնդիրներ չունեցած կամավորներին վիճակահանության միջոցով բաժանեցին 2 խմբի՝ կալանավորների և բանտային հսկիչների և տեղափոխեցին պայմանական բանտ, որը հատուկ գիտափորձի անցկացման նպատակով կառուցվել էր Սթենֆորդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի նկուղում: Գիտափորձը պետք է տևեր 2 շաբաթ: Որպես բանտի գլխավոր վերահսկիչ նշանակվեց բարձր կուրսերում սովորող մի լաբորանտ, իսկ բանտի կառավարիչն ինքը՝ Զիմբարդոն էր:

Փորձարկվողներին առավել ապակողմնորոշելու և իրականության զգացումն աղճատելու համար Զիմբարդոն ստեղծեց յուրահատուկ պայմաններ: Հսկիչներն ունեին մահակներ, կրում էին համապատասխան համազգեստ և մուգ ապակիներով ակնոցներ: Նրանք «աշխատում» էին հերթափոխով և տանն էին անցկացնում հանգստյան օրերը: Իսկ կալանավորներն իրենց հերթին կրում էին չթե խալաթներ և ռետինե հողաթափեր, նրանց նույնիսկ ներքնազգեստ չտրվեց: Իսկ անունների փոխարեն նրանց խալաթների վրա փակցված էին համարներ:

Գիտափորձը սկսելուց առաջ Զիմբարդոն «հսկիչներին» հրահանգավորեց, որպեսզի վերջիններս աշխատեն կալանավորների մոտ ստեղծել վախի և միայնության զգացում, սեփական կյանքի վերահսկողության անհնարինության տպավորություն, որպեսզի կալանավորները կորցնեն իրենց անհատականությունը և ունենան անօգնականության զգացում: Սակայն միևնույն ժամանակ հստակ հրահանգ կար կալանավորների նկատմամբ ոչ մի դեպքում չկիրառել ֆիզիկական բռնություն: Հսկիչների պարտականությունների մեջ էր մտնում բանտում իրականացնել շրջայց:

Իսկ նրանք, ովքեր պետք է կատարեին «կալանավորների» դեր, ուղղակի սպասում էին տանը մինչև իրենց կկանչեն: Սակայն առանց զգուշացնելու նրանց տներ ներխուժեց ոստիկանությունը, նրանց ներկայացվեց զինված կողոպուտ կատարելու «մեղադրանք», որից հետո նրանց կալանավորեցին:

Գիտափորձի իրականացման համար ներգրավված էր Կալիֆորնիայի Պալո Ալտո (Palo Alto, California, USA) քաղաքի ոստիկանական մասնաճյուղը, որտեղ և կալանավորներին խուզարկեցին, վերցրեցին նրանց մատնահետքերը, նրանց լուսանկարեցին և կարդացին նրանց համար իրենց իրավունքները: Ապա կալանավորներին տեղափոխեցին «բանտ»:

Ահա այսպես էլ սկսվեց Սթենֆորդյան բանտային գիտափորձը:

Գիտափորձի ընթացքն ու արդյունքները

Ի հակառակ սպասումներին՝ գիտափորձը հաշված օրերի ընթացքում ստացավ տարերային բնույթ: Բանտային հսկիչների կողմից կալանավորները սկսեցին ենթարկվել սադիստական և վիրավորական վերաբերմունքի:

«Դերասանները» զարմանալիորեն արագ հարմարվեցին իրենց նոր դերերին և գիտափորձը շատ արագ դուրս եկավ վերահսկողությունից: Արդեն երկրորդ օրն սկսվեցին բախումներ և տեղի ունեցավ ապստամբություն: Հսկիչները խռովության ճնշման նպատակով կրակմարիչներով հարձակվեցին կալանավորների վրա: Փորձի ընթացքում բանտային հսկիչներից յուրաքանչյուր երրորդը սկսեց սադիստական վարք դրսևորել, իսկ կալանավորները ենթարկվում էին բարոյական և հոգեբանական ճնշման: Այսինքն՝ միանգամայն պայմանական բանտը դիտորդների աչքի առաջ վերածվեց «իրական» բանտի։

Զիմբարդոն ստիպված եղավ գիտափորձն ավարտել ժամկետից շուտ: Արդյուքում գիտափորձի ավարտից հետո կալանավորներից շատերն ունեին խիստ հուզական խանգարումներ։

Եզրակացություններ

Գիտափորձի արդյունքները հետագայում Զիմբարդոն նկարագրեց իր «Լյուցիֆերի էֆեկտ. ինչո՞ւ են լավ մարդիկ չարագործների վերածվում» (The Lucifer Effect: Understanding How Good People Turn Evil) գրքում: Գիտափորձի արդյունքները ցույց տվեցին, թե որքան խոցելի են մարդիկ, երբ առկա են իրենց գործողություններն արդարացնող տարրեր և ինչպիսի վարք կարող են դրսևորել մարդիկ ավտորիտար իշխանության ներքո:

Բացի այդ գիտափորձի արդյունքները կիրառվել են որպես կոգնիտիվ դիսոնանսի դիդակտիկ օրինակ: Հոգեբանության մեջ գիտափորձի արդյունքները կիրառվում են մարդկային վարքի իրավիճակային բնույթը բացատրելու համար. համարվում է, որ մարդու վարքը կարող է փոփոխություններ կրել՝ կախված իրավիճակից, ինչպես նաև համարվում է, որ մարդու վարքի վրա առավելապես ազդում են իրավիճակի առանձնահատկությունները, քան նրա համոզմունքերը և անձնային ներքին առանձնահատկություները:

Գիտափորձի արդյունքները Զիմբարդոն ներկայացրեց ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությանը: Հետագայում, 2004 թ. մարտին Իրաքի Աբու-Գրեյբ քաղաքի բանտում տեղի ունեցած իրադարձությունները նմանեցրին Զիմբարդոյի փորձին: Կարելի է ասել, որ բնական ճանապարհով Զիմբարդոյի՝ առաջ քաշած հիպոթեզն ապացուցվեց:

Գիտափորձի շնորհիվ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է մեր վարքը փոփոխությունների ենթարկվում՝ կախված արտաքին հանգամանքներից: Եվ իրականում ստացվում է ոչ այնքան հուսադրող պատկեր: Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ «կալանավոր», ով կորցրել է իրեն՝ որպես անհատ ձևավորող տարրերը, կամ «հսկիչ», ով կարող է ընդհանրապես կորցնել մարդկայնության ցանկացած դրսևորում:

Քննադատություն

2007թ. Արևմտյան Կենտուկիի համալսարանից (Western Kentucky University (WKU)) Թոմաս Կարնահանը (Thomas Carnahan) և Սեմ Մակֆերլանդը (Sam MacFarland) քննադատության արժանացրեցին Զիմբարդոյի գիտափորձը: Ըստ նրանց՝ Զիմբարդոն և նրա գործընկերները գիտափորձից առաջ չեն ստուգել մասնակիցների վարքային առանձնահատկությունները, հետևաբար չի կարելի վստահորեն ասել, որ «հսկիչների» վարքի վրա ազդել են հատկապես փոփոխված պայմանները, այլ ոչ թե նրանց անհատական առանձնահատկությունները: Նրանց կարծիքով՝ գիտափորձի արդյունքները իրական կյանքի պայմանների վրա տարածելը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր, քանի որ եզրակացությունները հետագայում կարող են օգտագործվել բոլորովին այլ դրդապատճառներով պայմանավորված վարքի արդարացման համար:

Իսկ 2018թ.-ի հունիսի 7-ին ամերիկացի գրող Բեն Բլումը (Ben Blum), կասկածի տակ դնելով 20-րդ դարի ամենաաղմկահարույց գիտափորձերից մեկը՝ Սթենֆորդյան բանտային գիտափորձը, հրապարակեց սյունյակ (https://medium.com/s/trustissues/the-lifespan-of-a-lie-d869212b1f62): Սյունյակի տեքստը հիմնված էր «Ստի պատմությունը» (Histoire d'un mensonge) գրքի վրա (https://www.editionsladecouverte.fr/catalogue/index-Histoire_d_un_mensonge-9782355221200.html), որի հեղինակը ֆրանսիացի գրող և ռեժիսոր Տիբո Լյո Տեքսյեն է (Thibault Le Texier): Վերջինս Սթենֆորդյան բանտային գիտափորձը համարում է «բեմադրված»:

Սթենֆորդի բանտային գիտափորձի վերաբերյալ քննադատությունը պայմանավորված է նրանով, որ Զիմբարդոն այն չի ներկայացրել որպես մասնավոր կամ պիլոտային հետազոտություն, այլ հակառակը՝ ստացված արդյունքները կիրառել մարդկային վարքի ցանկացած անկատարություն բացատրելու համար:

Ըստ Զիմբարդոյի քննադատների՝ գիտափորձի արդյունքները իրական կյանքի պայմանների վրա տարածելը ոչ միայն սխալ է, այլ նույնիսկ վտանգավոր, քանի որ դրանք հետագայում կարող են կիրառվել բոլորովին այլ դրդապատճառներով պայմանավորված վարքի արդարացման նպատակով:

Չնայած նրան, որ ինքը՝ Զիմբարդոն քննադատությունների հետ համաձայն չէ և համարում է, որ «գիտափորձն առ այսօր իր հոգեբանական ամենանշանակալից ուսումնասիրությունն է», այնուամենայնիվ, «Հոգեբանություն. հեռանկարներ և կապեր» (Psychology: Perspectives and Connections) հոգեբանության դասագրքի հեղինակներից մեկը` Գրիգորի Ֆեիստը (Gregory Feist), որակելով գիտափորձը որպես կեղծիք, պլանավորում է հետագա հրատարակություններից բացառել Զիմբարդոյի անունն ու նրա գիտափորձը:

Արվեստում

Սթենֆորդյան բանտային գիտափորձի վերաբերյալ գրվել են գրքեր և նկարահանվել մի շարք ֆիլմեր:

Օրինակ՝ 1999թ. Սթենֆորդյան բանտային գիտափորձի հիման վրա իտալացի գրող Մարիո Ջորդանոն (Mario Giordano) գրել է «Սև արկղ» վեպը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված «Սև արկղ» վեպի հիման վրա ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի (Oliver Hirschbiegel) կողմից նկարահանված «Գիտափորձ» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է 2000թ. Գերմանիայում:

Ֆիլմի մասին՝ https://www.kinopoisk.ru/film/663/

Комментарии


bottom of page