Հումորի հոգեբանական բանաձևը
- Տիգրանուհի Աճեմյան
- 1 апр. 2019 г.
- 2 мин. чтения

Ալիստեր Կլարկն, ով հայտնի գիտնական է էվոլուցիայի բնագավառում, դուրս է բերել հումորի բանաձևը: Նա պնդում է, որ լավ կատակից ստացած հաճույքը հավասար է դրա մեջ գտնվող ինֆորմացիայի սխալի և լսողի լրջության արտադրյալին:
Բանաձևը բավական պարզ է.
H = M * S
Որտեղ H-ը կատակից ստացած հաճույքի մակարդակն է (անգլ.՝ humor), M-ը ապատեղեկատվություն չափը (անգլ.՝ misinformation), իսկ S-ը լսողի ինֆորմացիան լուրջ ընկալելու ունակությունը (անգլ.՝ seriousness):
Կլարկը համոզված է, որ կատակելու ունակությունը էվոլյուցիոն մեխանիզմ է, որը մարդ ձեռք է բերել իր կայացման ընթացքում: Այս մեխանիզմի գլխավոր խնդիրը կարելի է համարել՝ լսած ինֆորմացիայի վայրկենական վերլուծումը և դրանից ճշտի ու սխալի առանձնացումը:
Իրականում հումորն իրենից ներկայացնում է գլխուղեղի շատ ավելի կարևոր ֆունկցիա, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ ֆունկցիան կապված է վտանգի աստիճանի գնահատման հետ: Հումորի զգացումը բնածին է, բայց զարգանում է վաղ մանկությունից շրջակա միջավայրի ազդեցության տակ: Եթե չեն լինում դրա զարգացման նախադրյալներ, դա բերում է շիտակ բնավորության զարգացման, ինչը հետագայում կարող է բերել սոցիալական ադապտացիայի խնդիրների:
Կան մի շարք հետազոտություններ, երբ փորձել են չափել հումորի զգացումը՝ կապելով այն բնավորության որոշ գծերի հետ: Հումորի զգացողության գնահատումն իրականացվում է տարբեր գիտությունների կողմից, ինչպիսին են՝ լեզվաբանությունը, սոցիոլոգիան, հոգեբանությունը, անթրոպոլոգիան:
Գոյություն ունի հումորի մոտ հարյուր տեսություն: Շատ տեսություններ պնդում են, որ հումորի նշանակությունը կայանում է լարվածության և սթրեսի թուլացման, ինչպես նաև իրավիճակի նոր մեկնաբանությունների փնտրման մեջ: Համաձայն այս տեսությունների՝ ցանկացած կատակ ուղեկցվում է ուշադրության աճող գրավմամբ, որին հետևում է լիցքաթափումը, երբ այն ավարտվում է: Նոր մեկնաբանություններն առաջանում են այն պատճառով, որ կատակը ցուցադրում է իրար հետ չկապված կամ նույնիսկ կոնֆլիկտող իրավիճակների անսպասելի ասոցիացիաներ:
Մի շարք տեսություններ նույնպես պնդում են, որ հումորը նպաստում է ագրեսիվության թուլացմանը: Սակայն մարդկանց որոշ խմբերի շրջանում (զինվորականներ, ոստիկաններ, բժիշկներ և այլն) տարածված է հումորի սպեցիֆիկ տեսակ, որը մենք անվանում ենք «սև» հումոր:
Հումորի զգացումը սահմանում են որպես մարդու ծիծաղելին տեսնելու ունակությունն ասվածի, շրջապատի կամ իրավիճակի մեջ: Առանձնացվում է նաև կատակելու ունակությունը: Դա մարդու հումորային մեկնաբանություններ անելու միտումը կամ տարբեր իրավիճակներում ծիծաղելի վարվելակերպի ունակությունն է:
Հետազոտողները կարծում են, որ հումորն իրենից ներկայացնում է ֆիզիոլոգիական և հոգեբանական պաշտպանական մեխանիզմ:
Комментарии