top of page

Քուն

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 15 мар. 2019 г.
  • 3 мин. чтения

Քուն և երազներ

«Մտածիր առավոտյան, գործիր կեսօրին, սնվիր երեկոյան, քնիր գիշերը»

Ուիլյամ Բլեյք

Մարդու օրգանիզմի երկու հիմնական ֆունկցիոնալ վիճակներն են քունը և արթնությունը։

Քունը մարդու օրգանիզմի գոյության յուրահատուկ ձև է, նույնքան բարդ, որքան ցերեկային արթնության փուլը: Մարդն իր կյանքի մոտ 1/3-ն անցկացնում է քնած վիճակում: Այսինքն՝ միջինում մարդն իր կյանքի ընթացքում քնած է անցկացնում մոտավորապես 20 տարի:

Ըստ մի շարք գիտական հետազոտությունների տվյալների՝ քնած ժամանակ մարդու գլխուղեղն աշխատում է նույնքան ակտիվ (նույնիսկ ավելի), որքան արթուն վիճակում:

Քնի հիմնական փուլերն են՝ «արագ» և «դանդաղ» քուն:

«Արագ» քուն կամ աչքերի արագ շարժումների փուլ (rapid eye movement - REM). եթե հետևենք քնած մարդուն, ով գտնվում է քնի այս փուլում, ապա կնկատենք, որ նրա աչքերն արագ շարժումներ են կատարում: Դա կապված է նրա հետ, որ քնած մարդը տեսողական պատկերներից կազմված երազներ է տեսնում, ինչպես նաև ունենում է լսողական, շոշափելիքի և այլ զգայություններ, սակայն գերակշռում են տեսողական պատկերները։ Այս փուլը զբաղեցնում է մարդու գիշերային քնի մոտավորապես 20-22%-ը:

«Դանդաղ» քուն կամ առանց աչքերի արագ շարժումների փուլ (non-rapid eye movement - NREM). այս փուլում ևս լինում են հոգեկան ապրումներ, բայց դրանք, ըստ որոշ հետազոտությունների, հիմնականում առանց տեսողական պատկերների են և, ենթադրաբար, կրում են վերացական մտածողության բնույթ։ Հենց այս փուլում որոշ մարդիկ կարող են բարձրաձայն խոսել՝ միաժամանակ լինելով քնած:

Որքան էլ խորը քնած լինի մարդը, նա կարող է ընկալել արտաքին աշխարհից եկող որոշ գրգռիչներ և ազդակներ։ Քնած մարդը հատկապես զգայուն է իր անվան նկատմամբ և լսելով սեփական անունը՝ անմիջապես կարող է արթնանալ:

Եթե մարդ քնում է, օրինակ, 7-8 ժամ, ապա մեկ գիշերվա ընթացքում 4-5 անգամ հայտնվում է քնի արագ փուլում և, հետևաբար, տեսնում է երազներ, որոնցից, որպես կանոն, հնարավոր է լինում հիշել 1-2-ը: Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, սակայն արթնանալուց հետո երազները, փոքրաթիվ բացառություններով, արագորեն մոռացվում են: Մարդիկ կարող են հիշել սեփական երազները, եթե արթնանում են հենց պարադոքսալ փուլի ժամանակ:

Գոյություն ունի տարածված միֆ, ըստ որի՝ հաջողակ և ուժեղ մարդիկ քիչ են քնում: Սակայն, ըստ բազմաթիվ գիտական հետազոտությունների տվյալների՝ քնի պակասն իր մեջ կրում է մի շարք բացասական հետևանքներ, որոնցից են.

  1. Քնի պակասը դժբախտ պատահարների, վնասվածքների պատճառ կարող է հանսիսանալ: Քնի պակասը հաճախ դառնում է ավտովթարների պատճառ, քանի որ թուլացնում է վարորդների ռեֆլեքսների արագությունը նույնքան, որքան ոչ սթափ վիճակում վարելը: ԱՄՆ-ի ճանապարհային անվտանգ երթևեկության ազգային կառավարման տվյալներով (անգլ. National Highway Traffic Safety Administration - NHTSA) վարորդների հոգնածությունը դառնում է տարեկան շուրջ 100.000 վթարի պատճառ, որոնցից 1.500-ը մահվան ելքով:

  2. Քնի պակասը բացասաբար է ազդում կոգնիտիվ ընդունակությունների և մտածելու կարողությոան վրա. այն թուլացնում է ուշադրությունը, բացասաբար է ազդում տրամաբանական մտածողության և խնդիրների լուծման ընդունակության վրա:

  3. Անբավարար քնի հետևանքով տուժում է ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև հիշողությունը, առաջ են գալիս դժվարություններ ուսումնական գործընթացում:

  4. Հետազոտությունների համաձայն՝ անքնությամբ տառապող մարդկանց 90%-ի մոտ փոփոխվում է առողջական վիճակը: Քնի խանգարումները, մշտական անբավարար քունը կամ անքնությունը կարող են առաջացնել առողջական մի շարք լուրջ խնդիրներ. սիրտ-անոթային հիվանդություններ (ինֆարկտ, առիթմիա և այլն), բարձր զարկերակային ճնշում, կաթված, շաքարային դիաբետ և այլն:

  5. 2005 թվականին ԱՄՆ-ում անցկացված հարցման համաձայն՝ մարդիկ, ում մոտ ախտորոշված է դեպրեսիա և տագնապային խանգարում, քնում են օրական 6 ժամից պակաս: Անքնությունը հաճախ հանդիսանում է դեպրեսիայի առաջին նախանշաններից մեկը: Քնի պակասը և անքնությունը կարող է դառնալ դեպրեսիայի առաջացման պատճառ կամ հետևանք, քանի որ անքնությունը բերում է դեպրեսիայի ախտանշանների սրացման, իսկ դեպրեսիան, իր հերթին, խանգարում է մարդուն քնել: Այդ իսկ պատճառով քնի խանգարման բուժումը կարող է օգնել դեպրեսիայի հաղթահարման գործում:

  6. Ըստ որոշ հետազոտությունների տվյալների՝ անբավարար քնի հետևանքով օրգանիզմում սկսվում է արտադրվել ավելի շատ կորտիզոլ՝ սթրեսի հորմոն: Սա էլ իր հերթին բերում է մաշկի կոլագենի (պրոթեին, որը մաշկը դարձնում է ավելի էլաստիկ) քայքայման: Առաջ են գալիս վաղաժամ ծերացման նախանշաններ. դեմքի գունատություն, աչքերի շուրջ առաջանում են մուգ շրջանակներ: Բացի այդ, ավելի քիչ է սկսում արտադրվել աճի հորմոն, որի պակասը կարող է բերել օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաների խանգարման:

  7. Եթե Դուք քիչ եք քնել, օրգանիզմը քնի պակասը փորձում է կոմպենսացնել բարձր ախորժակի միջոցով: 2004 թվականին անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ մարդիկ, ովքեր քնում են օրական 6 ժամից պակաս, 30%-ով ավելի են հակված ճարպակալման, քան օրական 7-9 ժամ քնող մարդիկ:

  8. 20 տարի շարունակ գիտնականներն ուսումնասիրում էին մոտ 10.000 բրիտանացիների առողջական վիճակը: 2007 թվականին հրապարակված հետազոտության արդյունքները ցույց տվեց, որ այն քաղաքացիներն, ովքեր քնում էին օրական 5-7 ժամ կամ, գուցե ավելի պակաս, ունեին ավելի թույլ իմունիտետ և ավելի հաճախ էին հիվանդանում, մասնավորապես՝ սիրտ-անոթային հիվանդություններով:

  9. Որոշման ընդունման դժվարություններ. որպեսզի կայացնել ճիշտ որոշում, անհրաժեշտ է մանրամասն կշռադատել, ուսումնասիրել այլընտրանքները և անել ճիշտ եզրակացություն: Քնկոտ մարդը հիշողության վատթարացման հետևանքով որոշման կայացման գործընթացում ունենում է դժվարություններ, քանի որ չի կարողանում մտապահել և վերլուծել իրադարձությունների միանգամից մի քանի այլընտրանքային տարբերակներ: Այդ իսկ պատճառով նա ընդունում է ամենաակնհայտ և հեշտ որոշումներ, որոնք գործնականում լինում են թերի և չկշռադատված:

Այսպիսով, քունը չափազանց կարևոր նշանակություն ունի մեր օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: Նորմալ և ճիշտ ընթացող քնի պայմաններում մարդու օրգանիզմը վերականգնում է իր ուժերը, որոնք ծախսել է օրվա ակտիվության ժամանակ: Այդ պատճառով էլ առողջ մարդն արթնանում է թարմության և ուժերի վերականգնման զգացողությամբ:

Комментарии


bottom of page