Երբ Աստված արարում էր կնոջը...
- Տիգրանուհի Աճեմյան
- 8 мар. 2019 г.
- 2 мин. чтения

Երբ Աստված արարում էր կնոջը, նրա մոտ եկավ հրեշտակը և հարցրեց.
— Ինչո՞ւ ես այդքան ժամանակ ծախսում այս արարածի վրա:
Աստված պատասխանեց.
— Նայի՛ր բոլոր այն առանձնահատկություններին, որոնք ես պետք է պահպանեմ նրան ստեղծելիս: Նա պետք է լինի հեշտ լվացվող, բայց ոչ պլաստիկից, ունենա 200—ից ավելի շարժական մասեր, բայց միաժամանակ հմայքով ու հեզաճկուն շարժվի։ Պետք է բուժի ինքն իրեն, երբ հիվանդ է, օրը 18 ժամ աշխատի, ունենա ընդամենը երկու ձեռք, բայց կարողանա գրկել միանգամից մի քանի երեխաների, ընդ որում՝ կարողանա գրկել այնպես, որպեսզի անցնի յուրաքանչյուր ցավ՝ լինի դա վնասված ծունկ, թե հոգի։
Հրեշտակը տպավորված էր.
— Եվ այս մոդելը պիտի լինի օրինաչափ բոլորի՞ համար, բայց չէ՞ որ դա անհնարին է: Չափից շատ է աշխատանքը մեկ օրվա համար: Գուցե թողնես վաղվա՞ն:
— Ո՛չ,— ասաց Աստված,— ես կավարտեմ այն այսօր, և նա կլինի իմ սիրելին։
Հրեշտակն ավելի մոտ եկավ և դիպավ կնոջը.
— Տե՛ր իմ, բայց նա այնքա՜ն փափուկ է։
— Այո՛, նա փափուկ է, բայց ես նրան նաև շատ ուժեղ եմ ստեղծել։ Դու չես էլ կարող անգամ պատկերացնել, թե ինչե՜ր կարող է հաղթահարել։ Շատ նուրբ տեսք ունի, բայց նրա մեջ հզոր ուժ կա։
— Իսկ մտածել կարո՞ղ է,— հարցրեց հրեշտակը։
Աստված պատասխանեց.
— Նա կարող է ոչ միայն մտածել, այլև համոզել։
Հրեշտակը դիպավ կնոջ այտին.
— Տե՛ր իմ, կարծես, նա թերություն ունի, նրանից ջուր է հոսում:
— Ո՛չ, դա թերություն չէ,— ուղղեց հրեշտակին Աստված,— դրանք արցունքներ են:
— Ինչի՞ համար են դրանք,— հարցրեց հրեշտակը։
— Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա սերը, նրա միայնությունը, նրա տանջանքները և նրա հպարտությունը։
Հրեշտակն իսկապես տպավորված էր.
— Տե՛ր, Դու հանճար ես։ Դու ամեն ինչի մասին մտածել ես։ Կինն իրականում ապշեցուցիչ արարած է։
— Օ՜, այո,— ասաց Աստված,— նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն։ Կարող է ծիծաղել, երբ լաց լինելու ցանկություն ունի։ Կարող է ժպտալ, երբ վախենում է։ Կօգնի ուրիշին, երբ իրեն է օգնություն հարկավոր։ Նրա միայն մեկ հայացքը ընդունակ է անել այն, ինչը տղամարդու ուժերից վեր է։
Հրեշտակը հիացմունքից քարացել էր: Նա չէր կարողանում այլևս որևէ բառ արտասանել:
Հետո Աստված հոգոց հանեց.
— Բայց նա մի թերություն ունի: Ու եթե նա չկարողանա շտկել այդ թերությունը, այն կարող է փչացնել նրա ողջ կյանքը։
— Իսկ ո՞րն է դա,— հարցրեց հրեշտակը։
— Նա չգիտի սեփական արժեքը...
Комментарии