Երեխայի ինքնագնահատականի ձևավորման առանձնահատկությունները
- Տիգրանուհի Աճեմյան
- 16 февр. 2019 г.
- 2 мин. чтения

Շատ ծնողներ մտահոգվում են, թե ինչպե՞ս դաստիարակեն իրենց երեխաներին, որպեսզի նա մեծանա պատասխանատու, ինքնավստահ, դրական ինքնաընկալմամբ և ունենա ադեկվատ ինքնագնահատական:
«Ինքնագնահատական» տերմինը մեր օրերում շատ հաճախ է օգտագործվում, բայց ոչ միշտ հոգեբանների կողմից: Ինքնագնահատականն իրենից ներկայացնում է բարդ հոգեբանական համակարգ. այն հոգեկան տարբեր գործընթացների համախումբ է, որը թույլ է տալիս երեխային ճանաչել ինքն իրեն որպես մեծ աշխարհի մի մասնիկ: Ինքնագնահատականը կատարում է կարգավորող, պաշտպանիչ և զարգացնող գործառույթներ:
Անձի ինքնագնահատականն ունի երկու կարևոր բաղադրիչ՝ կոգնիտիվ և հուզական: Առաջինը անձի գիտելիքներն են իր մասին, իսկ երկրորդը՝ նրա վերաբերմունքն է սեփական անձի վերաբերյալ:
Դրական ինքնավերաբերմունքի ձևավորման համար չափազանց կարևոր են երեխայի կյանքի առաջին տարիները: Ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հետ զուգահեռ երեխան նաև կարիք ունի խնամքի և հոգեբանական աջակցության, առանց որի երեխան կունենա դժվարություններ դրական ինքնաընկալման ձևավորման գործընթացում, հետագայում նաև միջանձնային փոխհարաբերություններում, ուսման մեջ և կարիերայում:
Ինքնագնահատականի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի այն մթնոլորտը, որի ներքո ընթացել է երեխայի դաստիարակության գործընթացը: Չափազանց կարևոր է ծնողների, հարազատների կամ խնամակալների վերաբերմունքը երեխայի նկատմամբ, տարիքի հետ այդ գործընթացին մասնակից են դառնում ուսուցիչները, հասակակիցները և երեխային շրջապատող սոցիալական միջավայրը: Այդ գործնթացում ընտանիքը հանդիսանում է առաջնային ու հիմնական օղակ նորածնային և նախադպրոցական տարիքում: Մանկության և դեռահասության շրջանում անձի ինքնագնահատականի ձևավորման վրա ավելի մեծ ազդեցություն են սկասում ունենալ շրջապատը և հասակակիցները:
Ինքնագնահատականը կայուն չէ, քանի որ այն կյանքի տարբեր իրավիճակներում, կախված տարբեր հանգամանքներից, կարող է փոփոխվել: Ինքնագնահատականի դերը կարևոր է նաև այն պատճառով, քանի որ այն շատ դեպքերում հանդիսանում է նպատակասլացության և նվաճումների հիմքը:
Ինքնագնահատականի ձևավորումը տեղի է ունենում գործունեության, միջանձնային շփման և համագործակցության ընթացքում: Ադեկվատ ինքնագնահատականի ձևավորումը մեծապես կախված է նրանից, թե որքանով օբյեկտիվ կգնահատվեն երեխայի գործողությունները: Ինքնագնահատականի հետ է կապված երեխայի ինքնակատարելագործման ձգտումը: Որքան ավելի վաղ երեխայի մոտ ձևավորվի ադեկվատ ինքնագնահատական, այնքան ավելի մեծ հաջողությունների նա կհասնի ապագայում:
Ադեկվատ ինքնագնահատականի ձևավորման համար կարևոր է.
Սիրել և ընդունել երեխային
Ավելի շատ խրախուսել, քան պատժել
Թողնել, որպեսզի երեխան լինի հնարավորինս ինքնուրույն
Բացատրել երեխայից ակնկալվող պահանջները
Չչարաշահել իշխանությունը, որ ծնողը ունի երեխայի նկատմամբ
Լսել երեխայի կարծիքը, բայց միևնույն ժամանակ չշարժվել միայն նրա ցանկություններով և քմահաճույքներով
Սովորեցնել երեխային հաշվի առնել շրջապատի կարծիքը, սակայն միևնույն ժամանակ ունենալ սեփական տեսակետը
Սովորեցնել երեխային ադեկվատ ընդունել քննադատությանը
Սովորեցնել երեխային հարգանքով վերաբերվել այլոց զգացմունքներին և ցանկություններին
Դիմել երեխայի օգնությանն, ինչպես հավասարը հավասարին
Լինել հնարավորինս օբյեկտիվ երեխայի վարքի և գործողությունների նկատմամբ
Այսպիսով, ինքնագնահատականը կարևոր տեղ ու դեր ունի անձի ձևավորման և կայացման գործում: Այն կարող է լինել բարձր, ցածր, ադեկվատ կամ ոչ ադեկվատ: Սակայն կարևոր է հասկանալ, որ նրանից, թե որքան ավելի ադեկվատ է երեխայի ինքնագնահատականը՝ այդքան ավելի ճիշտ նա կարող է գնահատել իր մտավոր, ֆիզիկական ունակությունները, դրական և բացասական որակները, ուժեղ և թույլ կողմերը և ունենալ անձնային աճ:
Комментарии