top of page

5 հետաքրքիր հոգեբանական էֆեկտ

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 22 окт. 2018 г.
  • 3 мин. чтения

5 հետաքրքիր հոգեբանական էֆեկտ

Դիտելով մարդկանց՝ հաճախ կարող ենք նկատել որոշակի օրինաչափություններ. սոցիալ-հոգեբանական էֆեկտներ ու ֆենոմեններ, որոնք բնորոշում են մարդկանց և նրանց միջանձնային փոխհարաբերությունները: Սոցիալ-հոգեբանական էֆեկտները հաճախ կրկնվող երևույթներ են, որոնք ի հայտ են գալիս մարդ-մարդ և մարդ-հասարակություն փոխհարաբերություններում: Դրանք կայուն են և համեմատաբար հեշտ հայտնաբերվող: Երբեմն նույնիսկ մեր կամքից անկախ՝ այսպիսի էֆեկտները դառնում են մեր կյանքի մի մասը:

Հենց այդ սոցիալ-հոգեբանական էֆեկտներից մի քանիսին էլ կանդրադառնամ այս հոդվածում:

Եւ այսպես.

Պլացեբոյի էֆեկտ

Պլացեբոյի էֆեկտ

Ընդհանրապես «պլացեբո» (լատ.՝ placebo, բառացիորեն՝ պիտանի կլինեմ, դուր կգամ) տերմինով են անվանում այն նյութերը, որոնք չունեն ակնհայտ բուժիչ հատկություն, սակայն կիրառվում են բուժման նպատակով։

Նման «դեղամիջոցներով» իրականացվող «բուժումը» պայմանավորված է պացիենտի այն հավատով, որ նա ընդունում է ոչ թե դատարկ, բուժիչ հատկություն չունեցող, իներտ հաբեր, այլ իրական դեղահաբ։ Բժշկական փորձարկումների ժամանակ մարդուն նախապես հայտնում են, որ այս կամ այն «դեղամիջոցն» ունի բուժիչ հատկություն, և նա սկսում է սպասել և ակնկալել հենց այդպիսի բուժիչ արդյունք։ Այդ ներշնչման հետևանքով էլ ստացվում է ակնկալվող բուժիչ էֆեկտը։ Որքան մեծ է բուժման ակնկալիքը, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդու մոտ կլինի լավացում։ Այսպիսով, պացեբոյի էֆեկտը հիմնված է մարդու ինքնաներշնչման մեխանիզմի վրա։

Պիգմալյոնի կամ Ռոզենտալի էֆեկտ

Պիգմալիոնի կամ

Ռոզենթալի էֆեկտ

Պիգմալիոնի կամ Ռոզենթալի էֆեկտը յուրահատուկ և անբացատրելի ֆենոմեն է:

Սրա էությունը կայանում է նրանում, որ մարդը, ով համոզված է որոշակի ինֆորմացիայի կամ կանխագուշակության ճշմարտացիության մեջ, ենթագիտակցաբար դրսևորում է այնպիսի վարք, որպեսզի այդ ինֆորմացիան հաստատվի։

Պիգմալիոնի էֆեկտը շատ հեշտ է կիրառել, օրինակ, երեխաների հետ։ Ենթադրենք, որ ձեր երեխան շուտով պետք է հայտնվի նոր, իր համար անծանոթ միջավայրում (նոր դասարան, դպրոց, սպորտային ակումբ և այլն)։ Սովորաբար, շատ երեխաներ մտահոգվում են և անհանգստանում, թե ինչպես իրենց կընդունեն անծանոթ միջավայրում, անծանոթ մարդիկ, վախենում են դուր չգալ հասակակիցներին և այլն։ Այս դեպքում դուք կարող եք ասել ձեր երեխային, որ արդեն հանդիպել եք այն մարդկանց հետ ում հետ նա պետք է շուտով հանդիպի, և վերջիններս շատ բարյացակամ ու դրական են տրամադրված և ակնկալում են նույնպիսի վերաբերմունք։ Հայտնվելով նոր միջավայրում և տրամադրված լինելով դրական՝ ձեր երեխան, անկախ իրենից, կսկսի դրսևորել համապատասխան վարք։ Արդյունքում մեծ է հավանականությունը, որ նոր միջավայրում ձեր երեխայի և շրջապատի փոխհարաբերությունները կլինեն ավելի ներդաշնակ։

Զեյգարնիկի էֆեկտ

Զեյգարնիկի էֆեկտ

Զեյգարնիկի էֆեկտը չափազանց հայտնի հոգեբանական ֆենոմեն է: Սրա էությունը կայանում է նրանում, որ մարդիկ շատ ավելի լավ կարողանում են մտապահել հանկարծակի ընդհատված առաջադրանքը, քան այն առաջադրանքը, որը հասցրել են ավարտին։

1920-ական թվականներին անավարտ և ավարտված գործողությունների մտապահման տարբերություններն ուսումնասիրելու համար հոգեբան Բլյումա Զեյգարնիկի կողմից դպրոցականների և ուսանողների հետ իրականացվեցին մի շարք գիտափորձեր: Հետազոտության մասնակիցներին տրվում էին մի շարք առաջադրանքներ և ժամանակ առ ժամանակ այդ առաջադրանքների իրականացումն ընդհատվում էր։ Գիտափորձի ավարտից հետո փորձարկվողներն երկու անգամ ավելի լավ մտապահել էին անավարտ, քան ավարտված առաջադրանքները։ Այս ֆենոմենը հոգեբանական գրականության մեջ հայտնի դարձավ որպես «Զեյգարնիկի էֆեկտ»:

Ականատեսի էֆեկտ

Ականատեսի էֆեկտ

Ականատեսի էֆեկտի (նույն ինքը

վկայի էֆեկտ կամ Ջենովեզեի համախտանիշ) էությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր հայտնվում են այս կամ այն արտակարգ իրավիճակում՝ որպես վկա, չեն փորձում օգնության հասնել տուժողին։ Ավելին, որքան շատ են վկաները, այնքան փոքր է հավանականությունը, որ վկաներից որևէ մեկը կհասնի օգնության։ Սրա պատճառն այն է, որ որքան շատ են ականատեսները, այնքան ավելի հավանական է, որ վկաներից յուրաքանչյուրը հույս կդնի մեկ ուրիշ վկայի վրա, և հետևաբար՝ նրանցից ոչ ոք չի հասնի օգնության։ Սակայն, եթե վկան միայն մեկն է, ապա օգնության հասնելու հավանականությունն զգալի աճում է։

Վեբլենի էֆեկտ

Վեբլենի էֆեկտ

Այս էֆեկտի էությունը կայանում է նրանում, որ տնտեսական առումով չափազանց մեծ պահանջարկ և սպառում են վայելում թանկարժեք ապրանքները։ Սրա պատճառն այն է, որ թանկարժեք իրը, որպես կանոն, ընդգծում է այն օգտագործողի սոցիալական դիրքը։ Վեբլենի ֆենոմենը մեր օրերում հաճախ է հանդիպում հատկապես երիտասարդների շրջանում, որոնց համար բարձր սոցիալական դիրքն ունի կարևոր նշանակություն։ Որքան թանկարժեք է իրը, այնքան մեծ է այդ իրի պահանջարկը. սա է Վեբլենի էֆեկտի գլխավոր առանձնահատկությունը։

Комментарии


bottom of page