Զույգերի բաժանություն
- Տիգրանուհի Աճեմյան
- 30 янв. 2019 г.
- 4 мин. чтения

- Բաժանումներից հետո, կամ չհասկացվելու պատճառով մարդիկ հաճախ ընկնում են դեպրեսիայի մեջ: Ինչպե՞ս «չկոտրվել», դադարել ապրել անցյալով, փոխարենը նայել առաջ:
- Քանի որ առօրյայում մենք հաճախ ենք գործածում «դեպրեսիա» տերմինը, ապա նախ եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում դեպրեսիա (ընկճախտ): Շատ հաճախ մարդիկ դեպրեսիա բառը գործածում են տրամադրության անկման, թախծի կամ ընկճվածության ժամանակ: Իրականում դեպրեսիան աֆեկտիվ (հուզական) խանգարումների մի մեծ փունջ է, որի ախտանշաններից են. տրամադրության անկումը, հետաքրքրությունների և հաճույքի զգացման կորուստը, անքնությունը կամ նորմայից չափազանց երկար քունը, եռանդի պակասը և գերհոգնածության զգացումը, մեղքի զգացումը, մտածողության, ուշադրության կենտրոնացման, որոշման ընդունման դժվարությունները, ակտիվության նվազումը կամ աննպատակ ֆիզիկական ակտիվությունը և այլն:
Բաժանումից կամ ամուսնալուծությունից հետո ձևավորված դեպրեսիվ վիճակը ծանոթ է այն վերապրած բազմաթիվ մարդկանց: Ի հայտ է գալիս անտարբերության և կարոտի անհաղթահարելի զգացում, որի պատճառը ուժեղագույն զգացմունքային կապի կորուտն է: Ժամանակին չախտորոշված դեպրեսիան կարող է տևել շատ երկար, ինչը կբերի էմոցիոնալ հյուծման: Դեպրեսիան չունի արագ և ակնթարթային լուծում: Այն հնարավոր է հաղթահարել միայն փորձառու մասնագետների օգնությամբ: Սակայն եթե անձը դեռևս պատրաստ չէ դիմել համապատասխան մասնագետի, ապա հետևյալ քայլերը կարող են որոշ չափով օգտակար լինել.
Մի՛ թաքցրեք Ձեր ապրումները:
Ամենավատ բանը, որ կարող է անել էմոցիոնալ բարդ իրավիճակում հայտնված անձը, այդ ապրումները թաքցնելն է: Արտահայտեք Ձեր հույզերը, խոսեք Ձեզ հարազատ մարդկանց հետ Ձեր զգացմունքների և տագնապների մասին: Վերցրեք թուղթ ու գրիչ և հատ առ հատ թղթին հանձնեք Ձեր ապրումները:
Եղե՛ք մի փոքր եսասեր:
Հարաբերությունների ժամանակավոր ընդհատումը կարելի է կիրառել նաև ի օգուտ Ձեզ: Ուշադրություն դարձրեք Ձեր արտաքին տեսքին: Անընդհատ տանը գտնվելու փոխարեն փորձեք զբաղվել որոշակի սոցիալական գործունեությամբ:
Խնամե՛ք որևէ ընտանի կենդանի:
Խնամել և սիրել կարելի է ոչ միայն մարդկանց: :) Հաճախ բացասական հույզերից հնարավոր է խուսափել ընտանի կենդանիների օգնությամբ: Գնացեք անտուն կենդանիների ապաստարան և այնտեղից վերցրեք փոքրիկ շնիկ կամ կատու: Նվիրեք նրան Ձեր քնքշանքն ու սերը և կարող եք համոզված լինել, որ նա Ձեզ շնորհակալ կլինի:
Ազատվե՛ք անպետք իրերից:
Եթե Ձեզ համար չափազանց դժվար է տեսնել այն բոլոր իրերը, որոնք հիշեցնում են Ձեր նախկին զուգընկերոջ մասին, ապա պարզապես ազատվեք դրանցից կամ գոնե թաքցրեք դրանք Ձեր տեսադաշտից որքան հնարավոր է հեռու։
Զբաղվե՛ք Ձեր սիրած գործով:
Փորձեք Ձեզ նվիրել ուսմանը, աշխատանքին կամ Ձեր նախընտրած հոբբիին: Դա թույլ կտա Ձեզ ոչ միայն շեղել ուշադրությունը, այլև զարգացնել Ձեր հմտությունները: Իսկ երեկոյան մի՛ փակվեք տանը՝ մնալով մեն-մենակ Ձեր մտքերի հետ:
- Ի՞նչ անել, որ բաժանումը խորը հետք չթողնի, շատերը բաժանումից հետո չեն կարողանում սկսել կյանքը նոր էջից:
- Բացարձակապես անցավ բաժանվել անհնարին է: Եթե Ձեր նախկին զուգընկերը թանկ է Ձեզ համար, ապա բաժանումը կլինի ցավոտ: Այն ամենածանր փորձություններից մեկն է, որ կարող է տեղի ունենալ մարդու կյանքում: Սակայն միևնույն ժամանակ, որպես կանոն, բաժանումը չի լինում անսպասելի, քանի որ դրանից որոշակի ժամանակ առաջ արդեն հարաբերություններն աստիճանաբար սկսում են սառչել և առաջացնել բացասական հույզեր դրականի փոխարեն:
Ցավոք, ոչ բոլորն են կարողանում արժանապատվորեն տանել բաժանման հարվածը: Չէ՞ որ չափազանց դժվար է զսպել վիշտի, բարկության, զղջման կամ ամոթի զգացումը: Գոյություն չունի բաժանումից հետո սեփական «Ես»-ը կրկին վերագտնելու պատրաստի դեղատոմս: Յուրաքանչյուր մարդ յուրովի է վերապրում բաժանման փաստը և գտնում այն հաղթահարելու համապատասխան ուղիներ: Պարզապես փորձեք հնարավորինս արժանապատվորեն բաժանվել: Աշխատեք խուսափել ագրեսայից և փոխադարձ հնչող վիրավորանքներից:
Նույնիսկ եթե Դուք եք եղել բաժանման նախաձեռնողը, միևնույնն է, բաժանումը բավականին ցավոտ գործընթաց է, և Ձեզ անհրաժեշտ կլինի որոշակի ժամանակ, ինչպես նաև ընկերների և հարազատների աջակցությունը, որպեսզի Դուք ընդունեք և գիտակցեք, որ հարաբերություններն ավարտվել են:
Իսկ եթե ոչ թե Դուք, այլ Ձեր զուգընկերն է բաժանման նախաձեռնողը, ապա մի՛ վհատվեք: Անհրաժեշտ է գիտակցել, որ ցանկացած ավարտ կարող է դառնալ նորի սկիզբ: Բաց թողեք Ձեր զուգընկերոջը: Ժամանակի հետ վերքերը կամոքվեն, արցունքները կչորանան, Դուք կփոխեք Ձեր կարծիքը շատ հարցերի վերաբերյալ և կրկին երջանիկ կլինեք:
- Ինչպե՞ս բաժանումները կարող են ազդել մարդկանց ինքնագնահատականի վրա, ինչպե՞ս հաշտվել, թեթև տանել բաժանումը:
- Բաժանումն, անկասկած, իրենից ներկայացնում է կյանքի դժվարին շրջան: Այն տարբեր ձևով կարող է ընկալվել նախկին զուգընկերներից յուրաքանչյուրի կողմից: Այն կարող է առաջացնել վախի, տագնապի, տխրության, մեղքի և զղջման, ինչպես նաև վիրավորվածության և բարկության զգացում: Բաժանման փաստը կարող է ազդել նաև անձի ինքնաընկալման, ինքնավերաբերմունքի, ինքնավստահության և ինքնագնահատականի վրա: Ինքնագնահատականը կարող է իջնել, և Դուք կարող եք ունենալ կյանքի իմաստի կորստի կամ սեփական անձի անպետքության զգացողություն:
Եթե Դուք բաժանվել եք Ձեր զուգընկերոջից, ապա անհրաժեշտ է հիշել, որ բաժանումը երկուսի պատասխանատվությունն է: Եթե Դուք կայացրել եք բաժանման որոշում, ապա աշխատեք հստակ գիտակցել և սահմանել, թե Դուք կոնկրետ ի՞նչ եք իրականում կորցրել: Դա Ձեզ հնարավորություն կտա ուժ գտնել հաղթահարելու Ձեր առջև ծառացած փորձությունները: Ապա հարցրեք ինքներդ Ձեզ, թե ի՞նչ եք Դուք ձեռք բերել Ձեր զուգընկերոջից բաժանվելուց հետո: Հնարավոր է, որ Դուք ձեռք եք բերել խաղաղ և առանց կոնֆլիկտների կյանք...
Եվս մի կարևոր բան, որը, թերևս, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ է պայմանավորված. մի՛ հետևեք Ձեր նախկին զուգընկերոջը սոցիալական ցանցերում։ Փոխարինեք վիրտուալ շփումը Ձեզ հարազատ մարդկանց հետ իրական շփմամբ:
Բաժանումը, որքան էլ որ տարօրինակ թվա, հրաշալի հնարավորություն է, որպեսզի Դուք հասկանաք, թե ի՞նչ եք ուզում իրականում: Պետք չէ շտապել և բաժանումից անմիջապես հետո փնտրել նոր հարաբերություններ: Հնարավոր է, որ նոր հարաբերություններ սկսելու ցանկությունն իրականում սեփական «Ես»-ից և Ձեր պահանջմունքներից փախուստ է:
Ինչպես արդեն վերը նշեցի, լիարժեք արտահայտեք Ձեր զգացմունքները. վիրավորանքը, բարկությունը, զայրույթը, ամոթի կամ մեղքի զգացումը և այլն: Եթե Դուք դժվարանում եք արտահայտել Ձեր զգացմունքները, ապա գտեք կոմպետենտ հոգեբան կամ հոգեթերապևտ, ով կօգնի Ձեզ հաղթահարել կյանքի այս դժվարին ժամանակաշրջանը:
Ավարտելով՝ կուզենայի հիշել գերմանացի հայտնի փիլիսոփա և հոգեթերապևտ Բերտ Հելլինգերի խոսքերը. «Բաժանման ցավի շնորհիվ կարելի է աճել»: Ի վերջո, հարաբերությունների ավարտն ամենևին չի նշանակում կյանքի ավարտ։ Այն ընդամենը կյանքի հերթական փուլերից մեկի ավարտն է: Դուք ունեք բավականաչափ ներուժ, որպեսզի կարողանաք դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ:
Հ.Գ շնորհակալություն Էլիզա Բալայանին հետաքրքիր հարցերի համար:
Комментарии