top of page

Առցանց հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 24 сент. 2018 г.
  • 3 мин. чтения

online psychological counseling

Վերջին շրջանում ստանալով բազմաթիվ հարցեր՝ կապված առցանց հոգեբանական խորհրդատվության հետ, ինձ մոտ ցանկություն առաջացավ անդրադառնալ այս թեմային և նշել այն կարևոր առանձնահատկություններն ու առավելությունները, որ ունի առցանց հոգեբանական խորհրդատվությունը։

Եւ այսպես...

Եթե նախկինում «հոգեբանական խորհրդատվություն» կամ «հոգեթերապիա» ասելիս մեր երևակայությունն ուրվագծում էր փափուկ բազկաթոռներով հարմարավետ աշխատասենյակ, ապա այսօր ավելի հաճախակի ենք հանդիպում համացանցի օգնությամբ առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա իրականացնող մասնագետների:

Համակարգչային տեխնոլոգիաների սրընթաց զարգացման շնորհիվ վերջին շրջանում հնարավոր է դարձել համացանցի օգնությամբ աշխատել, կնքել պայմանագրեր, իրականացնել գործարքներ, կատարել վճարումներ և այլն: Սակայն պետք չէ մոռանալ, որ համացանցի գլխավոր գործառույթներից մեկն է հանդիսանում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց միջև հաղորդակցումն ու ինֆորմացիայի փոխանակումը: Հենց այդ հաղորդակցման միջոցով էլ հոգեբանն աշխատում է իր այցելուի հետ:

Կարիք չկա զարմանալ, որ առցանց հոգեբանական խորհրդատվություն իրականացնող մասնագետներն օրեցօր ավելանում են. պրոֆեսիոնալ մասնագետը պարտավոր է քայլել ժամանակի և զարգացող տեխնոլոգիաների հետ համընթաց: Նամանավանդ, որ առցանց հոգեբանական խորհրդատվությունը նույնքան արդյունավետ է, որքան առկա հոգեբանական խորհրդատվությունը։

Իսկ ի՞նչ առավելություններ ունի առցանց հոգեբանական խորհրդատվությունը.

  1. Առաջին և գլխավոր առավելություններն են հանդիսանում լիակատար գաղտնիությունն ու անանունությունը: Շատ հաճախ այցելուները չեն ցանկանում հրապարակել իրենց հարազատների կամ ընկերների շրջանում, որ օգտվում են հոգեբանի ծառայություններից: Առցանց հոգեբանական խորհրդատվության ժամանակ դա անել շատ ավելի դյուրին է: Ավելին, անհրաժեշտություն չկա նշել Ձեր իրական անունը, Դուք կարող եք ներկայանալ ցանկացած օգտատիրոջ անունով:

  2. Երկրորդ առավելությունն առցանց հոգեբանական խորհրդատվության ապահովությունն է (կամ «զգացեք Ձեզ այնպես, ինչպես Ձեր տանը» :) ): Այցելուն, ով գտնվում է իր տանը (կամ իր համար ցանկացած այլ ապահով միջավայրում), նստած է իր սիրելի բազմոցին և ըմպում է մեկ գավաթ սուրճ կամ թեյ, իրեն ավելի ապահով և պաշտպանված է զգում, քան անծանոթ աշխատասենյակում գտնվող այցելուն, ում անհրաժեշտ է որոշ ժամանակ, որպեսզի հարմարվի իր համար նոր և անծանոթ միջավայրին:

  3. Երրորդ առավելությունն առցանց հոգեբանական խորհրդատվության հարմարավետությունն է: Ի տարբերություն առկա հոգեբանական խորհրդատվության՝ առցանց հոգեբանական խորհրդատվության դեպքում Դուք կարիք չունեք նախապես հստակ պլանավորել Ձեր օրը, մտահոգվել հնարավոր ճանապարհային խցանումների պատճառով, փոփոխել և համապատասխանեցնել Ձեր աշխատանքային գրաֆիկը, ծախսել գումար ճանապարհածախսի վրա, որպեսզի նշանակված ժամին լինեք հոգեբանի աշխատասենյակում: Առցանց հոգեբանական խորհրդատվության դեպքում այս հարցն ավելի ճկուն կերպով է կարգավորվում: Առկա ֆորմատով աշխատող մասնագետի աշխատանքային գրաֆիկն ավելի լայն է, ինչի շնորհիվ Դուք կարող եք օրվա ցանկացած ժամին (սա հատկապես կարևոր է ժամային այլ գոտում բնակվող այցելուների համար) և շաբաթվա ցանկացած օր ստանալ հոգեբանական խորհրդատվություն Ձեր նախընտրած մասնագետի մոտ. իհարկե, նախապես պայմանավորվելով Ձեր հոգեբանի հետ :) :

  4. Չորրորդ առավելությունն առցանց հոգեբանական խորհրդատվության արդիականությունն է: Աշխատանքային ծանր գրաֆիկ ունեցող այցելուների համար, ովքեր ունենում են հաճախակի գործուղումներ, առցանց հոգեբանական խորհրդատվությունը միակ հնարավոր միջոցն է հոգեբանի հետ կապը պահպանելու համար: Իսկ հոգեբանական խորհրդատվության պարբերականությունը հանդիսանում է արդյունավետ հոգեբանական աշխատանքի գլխավոր երաշխիքներից մեկը: Այդ պատճառով, այն մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ բացակայում են տանից, առցանց հոգեբանական խորհրդատվությունը հաճախ դառնում է անփոխարինելի տարբերակ:

  5. Հինգերորդ առավելությունն առցանց հոգեբանական խորհրդատվության հասանելիությունն է: Փոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերում, փոքր քաղաքներում կամ գյուղերում, որտեղ առկա է մասնագետների սղություն, բավականին դժվար է լինում գտնել որակավորված մասնագետ: Այն դեպքում, երբ առցանց խորհրդատվության շնորհիվ Դուք կարող եք դիմել Ձեր նախընտրած մասնագետին, ով բնակվում է մեկ այլ քաղաքում կամ նույնիսկ երկրում: Առցանց հոգեբանական խորհրդատվությունը կարող է հրաշալի տարբերակ լինել նաև այն քաղաքացիների համար, ովքեր արտագաղթել են և բնակություն են հաստատել մեկ այլ երկրում: Հարազատ լեզվով առցանց հոգեբանական խորհրդատվությունն այս պարագայում կարող է լինել առավել արդյունավետ:

  6. Վեցերորդ առավելությունն առցանց հոգեբանական խորհրդատվության ժամանակ ինֆորմացիայի արագ փոխանակությունն է: Հենց խորհրդատվության ընթացքում հոգեբանը կարող է Ձեզ ուղարկել լրացուցիչ նյութեր, հոգեբանական թեստեր, համապատասխան գրականություն, գրաֆիկներ, պատկերներ, տեսանյութեր և այլն: Սա, բնականաբար, ոչ միշտ է հնարավոր իրագործել առկա հոգեբանական խորհրդատվության դեպքում:

  7. Եվ վերջապես, առցանց հոգեբանական խորհրդատվությունը ցանկացած պահին կարելի է շարունակել առկա ֆորմատով, եթե ծագի նման անհրաժեշտություն:

Հարգելի՛ ընթերցողներ, հուսամ, որ կարդալով այս հոդվածը` Դուք գտաք Ձեզ հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները։

Комментарии


bottom of page